Սանահինի վանական համալիր

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 6 ม.ค. 2024
  • Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա։
    Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։
    Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
    Պատմություն
    Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին (Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք)։ 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ։ Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը։
    979 թվականին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանական համալիրը դարձել է նորակազմ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև 11-րդ դարի կեսը), և Տաշիրքի թեմակալ է ձեռնադրվել Եսային։ Երևելի վանահայրերից էր «մեծ հռետոր» հռչակված Դիոսկորոս Սանահնեցին (1039-1063)։ Նրա օրոք կառուցվել են գրատունն ու Սուրբ Գրիգոր մատուռը, հոգևոր դպրոցը դարձել է ուսումնական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը, գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Նրան աշակերտել, դպրոցում դասավանդել ու ստեղծագործել են գիտնական վանականներ Անանիա Սանահնեցին և Հակոբոս Քարափնեցին։ Աստվածաբանությունից բացի դպրոցում դասավանդվել են փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ։ Ըստ ավանդության՝ դպրոցում դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նրա անունով էլ Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»։
    11-րդ դարի 2-րդ կեսին սկսված սելջուկյան արշավանքների ու նրանց տիրապետության ընթացքում, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության անկումից հետո (1113) Սանահինի վանքը ապրել է տևական վատթար ժամանակաշրջան։ 12-րդ դարի վերջին Տաշիրք գավառի կազմում դառնալով Զաքարյան իշխանների սեփականությունը՝ վանքը վերականգնել է իր դերը երկրի հոգևոր ու գիտամշակութային կյանքում։ Այդ շրջանում կատարվել են նաև լայնածավալ շինարարական աշխատանքներ։ 12-րդ դարի 80-ական թվականներից մինչև 13-րդ դարի 30-ական թվականներին կառուցվել են Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների գավիթները, զանգակատունը, գրատան արտաքին սրահը, հյուրատունը (չի պահպանվել), Զաքարյանների տոհմական դամբարանը, կանգնեցվել են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի բարձրարվեստ խաչքարերը, նորոգվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ 12-րդ դարի վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը, որով անցնում է վանք տանող ճանապարհը, իսկ գյուղում՝ աղբյուր։
    12-13-րդ դարերում Սանահինի վանքում հայտնի էին վանահայրեր Գրիգոր Տուտեորդին, Հովհաննես Խաչենցին (Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների ուսուցիչը), Վարդանը։ Մեծ համբավ է ունեցել վանահայր Գրիգոր րաբունապետը, որի «Պատճառ լայն և նուրբ գրեանց, առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց» գիրքը ծառայել է նաև որպես ուսումնական ձեռնարկ։ Գրիգոր րաբունապետը վանքին նվիրել է 13 ձեռագիր, գրել այլ աշխատություններ։ Վանքի բնականոն գործունեությունը դարձյալ ընդհատվել է 1230-ական թվականներից սկսված մոնղոլական արշավանքների և նրանց տիրապետության ողջ ընթացքում։ 14-րդ դարի սկզբին թուլացել և դարավերջին տրոհվել է Զաքարյանների իշխանական տունը, և Սանահին գյուղը շրջակայքով ու վանքով դարձել նրանց շառավիղների՝ Արղության-Երկայնաբազուկների սեփականությունը (մինչև 20-րդ դարի սկիզբը)։
    14-15-րդ դարերում Սանահինի վանքում նոր վերելք է ապրել գրչության արվեստը (այդտեղ գրչագրված ձեռագրերից 35-ը պահվում է Մատենադարանում)։ Առավել հիշարժան է Սանահինի «Քոթուկը» (ձեռ. № 3032), որը բովանդակում է վանքի ժամանակագրությունը, արժեքավոր տեղեկություններ միաբանության պատմության վերաբերյալ։
    17-րդ դարի կեսին՝ Սարգիս արքեպիսկոպոս Արղությանի առաջնորդության օրոք, էապես նորոգվել են ժամանակի և երկրաշարժերի ազդեցությամբ վնասված վանքի հիմնական կառույցները։ 1831 թվականին հյուսիսային պարսպին կից միակամար աղբյուր է կառուցել վանքի տոհմիկ առաջնորդ Հարություն արքեպիսկոպոս Տեր-Բարսեղյանցը (ճակատին պահպանվել է նրա չափածո արձանագրությունը), կատարել է նաև վիմագրությունների վերծանման և կառույցների նորոգման աշխատանքներ։ 20-րդ դարի սկզբին վանքի գործունեությունը դադարել է։
    Խորհրդային իշխանության ժամանակաշրջանում Սանահինի վանքը որպես պատմամշակութային հուշարձան եղել է պետական պահպանության ներքո, կատարվել են կառույցների ամրակայման և վերականգնման աշխատանքներ։ 1998 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը։

ความคิดเห็น • 4

  • @GAMLET555
    @GAMLET555 29 วันที่ผ่านมา +1

    Ցավում էմ դիտել և լսել: որ այս ամենը գտնվում է մեր մայր Հայաստանում ռւ ենթարկվել ոչնչացման: Տեր թույլ մի տվեք Սատանային քանդել Մայր Հայաստան սրբավայրը✝️🛐

  • @user-rh6yc1uc4i
    @user-rh6yc1uc4i 2 หลายเดือนก่อน

    ПРИЯТНО СЛУШАТЬ,ГРАММОТНО И ДОСТУПНО,СПАСИБО ТЕР - ГАЙРАМ,ПРОЦВЕТАНИЯ НАШЕЙ АРМЕНИИ И ВСЕМУ АРМЯНСКОМУ НАРОДУ.

  • @user-rh6yc1uc4i
    @user-rh6yc1uc4i 2 หลายเดือนก่อน

    ВЕЛИЧЕСТВЕННАЯ АРХИТЕКТУРА,ХРАМ БОЖЕСТВЕННЫЙ !!!,.

  • @user-gp5od1mp6x
    @user-gp5od1mp6x 6 หลายเดือนก่อน

    Астаац паапан