Հատված մկրտությունից Սուրբ Աննա
ฝัง
- เผยแพร่เมื่อ 5 ก.พ. 2025
- Խորհրդակատար` Տեր Զենոն քահանա Բարսեղյան։
Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիների հոգևոր հովիվ։
Բնութագիր
Մկրտությունն առաջին խորհուրդն է, որին արժանանում է քրիստոնյան: Մկրտության միջոցով է, որ հավատացյալը սրբվում է մեղքերից, վերածնվում Սուրբ Հոգով, դառնում քրիստոնյա եւ Աստծո որդի /որդեգրվում Աստծուն/: «Քրիստոս պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել… (Հովհ. 3.5): Մինչեւ մենք չմկրտվենք, չենք կարող այլ խորհուրդներ ընդունել:
Մկրտության խորհուրդին հաջորդում են Դրոշմի եւ Հաղորդության խորհուրդները:
Մկրտության խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոս: Նա Իր անձով օրինակ տվեց բոլորին` մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, ում կատարած մկրտությունը ապաշխարության մկրտություն էր` միայն ջրով: Աշխարհից հեռանալիս վերջին պատգամը որ Քրիստոս թողեց Իր աշակերտներին հետեւյալն էր. «Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.19):
Քրիստոնեության վաղ շրջանում մկրտությունը տեղի էր ունենում գետերում ու ջրավազաններում: Հիսուսն ինքը մկրտվել է Հորդանան գետում: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Արածանի գետում մկրտեց Տրդատ թագավորին եւ հազարավոր հայորդիների: Ինչեւէ, տներում կատարվող մկրտությունները հայտնի էին դեռեւս առաքյալների ժամանակաշրջանում: Պողոս առաքյալը, օրինակ, մկրտվել է եկեղեցում: Ժամանակին զուգընթաց մկրտությունները կատարվում էին որեւէ շինության ներսում` գաղտնիության ու հանդիսավորության համար:
Հարգանքը հենց ծեսի ինչպես նաեւ ջրի հանդեպ, որը ժամանակի ընթացքում ստացավ հատուկ օրհնություն/ առաջ բերեցին մկրտության խորհրդի համար նախատեսված հատուկ ավազանի օգտագործումը: Այս ավազանը դարձավ Քրիստոնեական Եկեղեցու ամենակարեւոր մասերից մեկը` եկեղեցու արգանդը, որտեղից մարդ ծնվում է հոգեպես: Հնուց ի վեր ավազանը տաշում էին կարծր քարից:
Մանուկների մկրտությունը եկեղեցական կարգ դարձավ այն ժամանակ, երբ հանգամանքները թույլ տվեցին: Մկրտության նպատակներից մեկը բոլոր մեղքերի թողությունն է` ներառյալ Ադամի եւ Եվայի սկզբնական մեղքը, որով մենք այս աշխարհ ենք գալիս: Քանի որ սկզբնական մեղքը եւ դրանից ազատվելու անհրաժեշտությունը համընդհանուր են, հետեւաբար Եկեղեցին մանուկներին թույլ է տալիս ստանալ Շնորհ, որը նրանց մաքրում է սկզբնական մեղքի հետքերից եւ տալիս է մեղքի դեմ եռանդուն պայքարելու հնարավորություն: Ընտանիքների երեխաները մկրտվում էին առաքյալների կողմից (Կորնթ. 1.16, Գործք 10.47, 16.33):
Մկրտության արարողությունը կատարվում է հետեւյալ կերպ.
1. Ջուրը Խաչով եւ Մյուռոնով օծելուց եւ երեխայի մարմինը երեք անգամ ջրի մեջ ընկղմելուց հետո կամ
2. Սուրբ ջուրը 3 անգամ մկրտվողի գլխին հեղելով եւ մեծերի երեսն ու զգայարանները լվանալով:
Երեք անգամ ջրի մեջ ընկղմելը կամ երեք անգամ ջուրը հեղելը խորհրդանշում են այն երեք օրերը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր Խաչելությունից հետո մնաց շիրիմում:
Համաձայն հին ավանդույթի, Հայ Եկեղեցում արարողության առաջին մասն ընթանում էր եկեղեցու դռներից դուրս: Ինչեւէ, այս խորհրդանշական պահը այլեւս չի գործում: Ներկայումս երեխային բերում են եկեղեցի: Մինչ կնքահայրը երեխային պահում է իր գրկում, քահանան երեխայի անունից արտասանում է ապաշխարության մի քանի սաղմոսներ: Միասին նրանք երեք անգամ հրաժարվում են սատանայից, այնուհետեւ կարդում Նիկիական Հանգանակը:
Ապա քահանան կնքահոր հետ երեխային մոտեցնում է մկրտության ավազանին: Ավազանի մեջ լցվում է ջուրը, որն օրհնվում է քահանայի կողմից:
Արարողությունն ուղեկցվում է քահանայի հետեւյալ խոսքերով. «Այս (անուն) ծառայս Աստուծոյ, եկեալ յերեխայութենէ ի Մկրտութիւն, մկրտի յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Գնեալ արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զորդեգրութիւն Հօրն երկնաւորի, լինել ժառանգակից Քրիստոսի, եւ տաճար Հոգւոյն Սրբոյ» (Մաշտոց):
Հավատո հանգանակը ճանաչում է մեկ մկրտություն: Այն անկրկնելի է, քանի որ իրենից ներկայացնում է հոգեւոր ծնունդ. մարդ մեկ անգամ է ծնվում, հետեւաբար նա նաեւ մեկ անգամ պետք է մկրտվի:
Հայ Եկեղեցին վավերական է ճանաչում այն բոլոր եկեղեցիների կատարած մկրտությունները, որոնք ընդունում են Սուրբ Երրորդությունը եւ մարդկանց մկրտում Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անուններով եւ կատարում դրոշմի արարողություն: Այդպիսի հավատացյալը Հայ Առաքելական Եկեղեցու անդամ դառնալու համար երկրորդ անգամ չի մկրտվում:
Մկրտվելու համար անհրաժեշտ է կնքահայր: Վերջինս պետք է երաշխավորի մկրտվողի հավատքը Եկեղեցու հանդեպ եւ նրան իր հսկողության տակ վերցնի ու դաստիարակի ճշմարիտ հավատքով:
Մկրտությունը պետք է տեղի ունենա Եկեղեցում: Սակայն այն վայրերում, ուր եկեղեցի չկա եւ այն դեպքում եթե մկրտվողը ծանր հիվանդ է, թույլատրվում է մկրտությունը կատարել տանը կամ այլ հարմար վայրում:
Աղբյուրը` armenianchurch.org
#կնունք #մկրտություն #տերզենոն #սուրբաննա #քահանա #կաթողիկե #surbanna #knunq #mkrtutyun #terzenon
Ամեն. 🙏🏻