Ի՞նչ Շամշադին
ฝัง
- เผยแพร่เมื่อ 4 พ.ย. 2024
- Շամշադին
Ի՞նչ Շամշադին...
Ես քեզ անտառաբերդ ասեմ,
Անտառաբերդ ասեմ, անտառի երթ:
Խոնարհ, Խոհուն, խաղաղ անճառաբերդ ասեմ,
Եվ սարաբերդ ասեմ, և սիրաբերդ:
Հետո գավաթն առնեմ և կենացիդ վրա
Ես սրտաբաց ասեմ...
Քեզ արդար հաց ասեմ,
Քեզ կաթի սեր ասեմ ու մեղրի ծոր:
Հետո բաժակն առնեմ ու կենացիդ վրա
Քեզ այգեսար ասեմ, այգեանտառ ասեմ,
Այգեբլուր ասեմ ու Այգեձոր:
Հետո դառնամ ու քեզ Պառավաքար ասեմ, Ե՛վ Ծաղկավան ասեմ և՛ Չինարի,
Ե՛վ շինական ասեմ, և՛ շինարար ասեմ,
Առաքինի ասեմ, մեղմ ու բարի...
Պատմությունդ հիշեմ ու քեզ Տավուշ բերդ ասեմ,
Վարագա վանք ասեմ, Խորանաշատ:
Հետո դառնամ ու քեզ քաջերի երթ ասեմ,
Ցորենաշատ ասեմ ու խոնարհաշատ:
Քո հնին հին ասեմ և նորին նոր ասեմ,
Թող չլինի ոչինչ միտումնավոր:
Ես քեզ զինվոր ասեմ, ես քեզ հնձվոր ասեմ,
Ուսումնավոր ասեմ և... հիմնավոր:
Հիմա ականջդ բեր, էլի մի բան ասեմ
. Խորհուրդով ու խելքով քո բնության
Քեզ թանգարան ասեմ և տնկարան ասեմ Խոնարհության, խղճի ու բարության:
Հետո առնեմ ու քեզ աշխարհամեջ հանեմ, Սխրանքներդ պատմեմ քո բարբառով...
Ուր որ գնամ, ինձ հետ գինուդ գավը տանեմ,
Ես քո լավը տանեմ, քո համբավը տանեմ...
Ես քո ցավը տանեմ:
Համո Սահյան Նյութի աղբյուրը` yelaket.am/am/...